ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ 2021-ԻՆ ԵՎ 2022-Ի ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Ամփոփելով անցած տարին՝ զրուցեցինք Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանի հետ։
Հարց․ - Դեկտեմբերը սովորաբար այն ժամանակահատվածն է, երբ ընդունված է ամփոփել անցած տարին։ Ինչպե՞ս կգնահատեք 2021-ը՝ ավտոմոբիլային շուկայում առկա զարգացումների տեսանկյունից։
Պատասխան․ - Պետք է նշել, որ թեպետ հայաստանյան ավտոշուկան այնքան էլ մեծ չէ իր ծավալներով, սակայն բավական ակտիվ է։ Ճիշտ է՝ այդ ակտիվությունը հիմնականում նկատվում է երկրորդային հատվածում, բայց 2021-ին որոշակի շոշափելի շարժ նկատվեց նաև առաջնային շուկայում։ Մենք դեռևս չենք ամփոփել դեկտեմբեր ամսվա տվյալները, բայց արդեն կարող ենք ասել, որ հունվար-նոյեմբեր ժամանակահտվածի իրացումները առաջնային շուկայում առնվազն 15%-ով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, պետք է շեշտեմ, որ առաջնային շուկան շարունակում է իր ծավալներով զգալիորեն զիջել երկրորդականին, և այդ տենդենցը չի փոխվել ըստ էության։ Պարզապես, պայմանավորված երկորդական շուկայում ներմուծումների կտրուկ նվազումով, տոկոսային հարաբերակցությունը որոշակիորեն շտկվել է։
Հարց․ - Ինչո՞վ է պայմանավորված ցուցանիշների աճը առաջնային շուկայում։
Պատասխան․ - Կարելի է առանձնացնել մի քանի գործոն, որոնցից կարևորագույններից է կորպորատիվ վաճառքների աճը, ընդ որում դա նկատելի է թե պետական, թե մասնավոր սեգմենտում։ Վառ օրինակներից է նորաստեղծ Պարեկային ծառայության համար ձեռքբերված ավտոմեքենաների խմբաքանակը։ Հաշվի առնելով, որ հաջորդ տարի այդ ծառայությունը ներդրվելու է նաև հանրապետության մարզերում, ակնկալում եմ, որ 2022-ին էլ կորպորատիվ վաճառքների թիվը բավական բարձր կլինի։ Եվս մեկ գործոն կարելի է համարել հետաձգված պահանջարկը։ Հաշվի առնելով 2020-ի բոլոր դժվարությունները, առաջին հերթին՝ համավարակն ու պատերազմը, շատ հաճախորդներ գերադասել էին դեռևս չշտապել նոր ավտոմեքենա ձեռք բերելու հարցում՝ թողնելով այն 2021-ին։ Եվ որպես երրորդ նկատելի գործոն կարող եմ առանձնացնել հետզհետե աճող հետաքրքրությունը դեպի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները, որոնց մասնաբաժինը ընդհանուր վաճառքներում ևս զգալիորեն աճել է։
Հարց․ - Քանի որ խոսք գնաց էլեկտրական ավտոմեքենաների մասին, ինչպե՞ս կգնահետք դրանց հեռանկարները Հայաստանում։
Պատասխան․ - Իսկապես, վերջին տարիներին ամբողջ աշխարհում նկատվում է հետաքրքրության զգալի աճ դեպի էլեկտրական փոխադրամիջոցները, մասնավորապես՝ թեթև մարդատար ավտոմեքենաները։ Հայաստանն այդ առումով բացառություն չէ, ինչի մասին են վկայում նաև նման ավտոմեքենաների ներմուծման ծավալները ինչպես առաջնային, այդպես էլ երկրորդական շուկայում։ Միևնույն ժամանակ, գնահատելով հեռանկարները, զգուշավոր լավատեսությամբ եմ մոտենում այդ հարցին։ Այո, ներկայումս կան երկներ, օրինակ՝ հաճախ հիշատակվող Նորվեգիան, որտեղ էլեկտրական ավտոմեքենաների վաճառքների ծավալը գերազանցում է ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների վաճառքների ծավալը։ Այլ եվրապական երկներում ևս նկատելի է պահանջարկի աճ։ Ակնհայտ է, որ պահանջարկի ձևավորման վրա ազդում են ինչպես օբյեկտիվ, այդպես էլ սուբյեկտիվ գործոններ, մասնավորապես՝ այսպես կոչված «կանաչ օրակարգը», որը, իրականում, բաղկացած չէ բացառապես բնապահապանական տարրից, այլ ունի նաև բավական ծանրակշիռ քաղաքական բաղադրիչ։ Ավելին, ներկայումս արտադրվող էլեկտրական ավտոմեքենաների կենսական ցիկլի կտրվածքով դրանց էկոլոգիական անվտանգությունը այդքան էլ ակնհայտ չէ։ Այստեղ պետք է հստակ պատկերացնել, որ կենսական ցիկլը ներառում է ոչ միայն շահագործումը, որի ընթացքում տեսականորեն բացառվում են վնասակար նյութերի անմիջական արտանետումները, այլև արտադրությունն ու, ինչը, թերևս, առավել կարևոր է՝ մեքենաների ուտիլիզացիան, կամ վերամշակումը։ Պատահական չէ, որ վերջերս ՌԴ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել էլեկտրական մեքենաների համար գանձվող ուտիլիզացիոն տուրքի դրույքաչափերը 4-9 անգամ բարձրացնելու նախաձեռնությամբ։ Այստեղ, հիմնական խնդիրը իրենց օգտագործման ժամկետը սպառած մարտկոցների վերամշակումն է, ինչը բավական թանկ և տեխնոլոգիապես բարդ լուծումներ է պահանջում և ինչի անհրաժեշտությունը անխուսափելիորեն կծագի նաև Հայաստանում, եթե էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման և իրացման ծավալները աճեն։
Ներկայումս, պետական մակարդակով իրականացվում է էլեկտրական ավտոմեքենաների շուկայի զարգացմանն ուղղված քաղաքականություն, որի շրջանակներում ևս երկու տարով երկարաձգվեց դրանց վաճառքից գանձվող ԱԱՀ մասով արտոնությունը։ Միևնույն ժամանակ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին լրանում է ԵԱՏՄ կողմից սահմանված զրոյական մաքսատուրքի կիրառման ժամկետը, որի երկարաձգման հարցը դեռևս քննարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, սակայան ես անձամբ մեծ ակնակլիքներ չունեմ, և սպասում եմ, որ արդեն հունվարից էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման ժամանակ կգանձվի մաքսատուրք։
Հարց․ - Բացի նշված զարգացումներից, ի՞նչ կանխատեսումներ ունեք 2022 թվականի համար։
Պատասխան․ - Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ ցանկացած կանխատեսում կարող է կորցնել իր իմաստը՝ նույնիսկ մինչև դրա արտահայտելը։ Այնուամենայնիվ կարող եմ առանձնացնել այն մի քանի կետերը, որոնք թերևս առավել իրատեսական կլինեն հայաստանյան ավտոշուկայի համար։ Առաջին, առնվազն մինչև 2022 թվականի կեսերը կնկատվի գների աճ։ Սա համահունչ է համաշխարհային տենդենցներին և պայմանավորվում է թե՛ հումքի թանկացմամբ, թե՛ բաղադրիչ մասերի դեֆիցիտով։ Իրավիճակը ինչ-որ տեղ նույնիսկ աբսուրդային է, երբ 70-80 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենայի արտադրությունը կանգնում է ընդամենը 0,5 դոլար արժողությամբ կիսահաղորդչի պակասի հետևանքով։ Ակնհայտ է, որ առաջնային շուկայում դեֆիցիտը և գնաճը իր հերթին հանգեցնում են նաև երկորդական շուկայում պահանջարկի և, հետևաբար, գների աճին։
Այստեղից բխում է, որ ինչպես և նախորդ տարիներին, 2022-ին էլ հայաստանյան ավտոշուկան ձևավորող գործոններից մեկը կլինի բնակչության գնողունակությունը, ինչի հետևանքով հիմնական ակտիվությունը կգրանցվի կրկին երկորդային շուկայում։ Ընդ որում, այն հագեցած կլինի հիմնականում 10 տարուց ավել տարիք ունեցող ավտոմեքենաներով, իսկ համեմատաբար նոր ու տեխնիկապես լավ վիճակում գտնվող ավտոմեքենաներ ձեռք բերելը բավական դժվար կլինի, եթե իհարկե սահմանափակված եք գումարային շեմով։
Կարևորում եմ նշել, որ հունվարից ուժի մեջ կմտնեն այս տարի ընդունված հարկային բարեփոխումները, որոնք կբացառեն կրկնակի հարկումը պաշտոնական ներկայացուցիչների կողմից իրականացվող այսպես կոչված թրեյդ-ին, կամ փոխանակման գործարքների ժամանակ։ Սա կոչված է աշխուժություն մտցնել շուկայում՝ թույլ տալով ինչպես մեծացնել նոր ավտոմեքենաների իրացման ծավալները, այդպես էլ իջեցնել երկրորդային շուկայում շրջանառվող ավտոմեքենաների միջին տարիքը և, հետևաբար, նաև բարձրացնել ընդհանուր տեխնիկական անվտանգության մակարդակը։ Ըստ նոր կարգավորումների, այդպիսի գործարքների իրականացումը ենթակա է լիցենզավորման, ինչը ըստ ֆիսկալ քաղաքականություն իրականացնող մեր պետական մարմինների, պետք է բացառի անբարեխիղճ տնտեսվարողների մուտքը այս ոլորտ։ Մյուս կողմից, քանի որ լիցենզիոն վճարները բավական բարձր են և էլ ավելի կբարձրանան 2023 թվականին, դժվարանում եմ գնահատել, թե պաշտոնական ներկայացուցիչներից քանիսը կօգտվեն առաջարկվող հնարավորություններից։ Մասնավորապես, կարևոր է, որ պաշտոնական ներկայացուցիչները հնարավորություն ունենան հետ գնել առնվազն իրենց կողմից վաճառված ավտոմեքենաները առանց ավելորդ հարկային բեռի։ Ակնկալում եմ, որ այս տեսանկյունից դեռևս անելքիներ կլինեն և Ասոցիացիան կշարունակի աշխատանքը՝ ուղղված տնտեսվարման պայմանների բարելավմանը։
Հարց․ - Եվ վերջում, ո՞րն է այն գլխավոր խնդիրը, որի լուծումը կցանկանայիք տեսնել 2022 թվականին։
Պատասխան․ - Կարծում եմ, մեր երկիրը կանգնած է այնպիսի լուրջ մարտահրավերների առջև, որոնց լուծվել-չլուծվելը կարող է էականորեն ազդել յուրաքանչյուրիս առօրյա կյանքի վրա։ Սակայն, քանի որ այդ խնդիրների լուծումը այս պահին Ասոցիացիայի կարողությունների շրջանակից դուրս է, կուզենամ ևս մեկ անգամ շեշտել մեր երկրում առկա ամենալուրջ պրոբլեմներից մեկի լուծման կարևորությունը։ Խոսքս ճանապարհային երթևեկության անվտանգության, տրանսպորտային պատահարների ըստ էության չնվազող քանակի և դրանց հետևանքով գրանցվող ծանր և մահացու դեպքերի թվի մասին է։ Այս հարցում բավարար չեն միայն պետության, կամ միայն հասարակության ջանքերը։ Անհրաժեշտ է համապարփակ մոտեցում, որը ենթադրում է բազում մակարդակներ, սկսած կրթականից, վերջացրած երթևեկության ճիշտ կազմակերպումով և խիստ վերահսկումով, որը կներառի ինչպես պատժիչ, այնպես էլ խրախուսական մեխանիզմներ։
Հույս ունեմ, որ արդեն 2022 թվականին մենք կկարողանանք որոշակի առաջխաղացում գրանցել այս հարցում, ինչին հասնելու համար Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան ևս պատրաստ է ակտիվորեն աշխատել։