Լիովին նոր Nissan Juke՝ հանրահայտ քրոսովերի երկրորդ սերունդը

Լիովին նոր Nissan Juke՝ հանրահայտ քրոսովերի երկրորդ սերունդը
03 սեպտեմբերի, 2019 թ.

Ճապոնական Nissan ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է եվրոպական շուկայի համար նախատեսված Juke պաշտամունքային քրոսովերի նոր սերունդը: Ավտոմեքենան ավելի թեթև է դարձել, մեծացել է արտաքինից, ստացել է հարուստ համալրում, ինչպես նաև նոր շարժիչ և փոխանցումատուփ:

Լիովին նոր Nissan Juke-ը կառուցված է CMF-B մոդուլային հենահարթակի հիման վրա, որը արդեն իսկ կիրառվում է Renault Clio և Captur մոդելների համար: Իր նախորդի հետ համեմատ նոր Juke-ը երկարել է 75 միլիմետրով, լայնացել՝ 35 միլիմետրով և բարձրացել՝ 30 միլիմետրով, սակայն գերամուր և թեթև պողպատների օգտագործման շնորհիվ մեքենայի ընդհանուր զանգվածը նվազել է 23 կիլոգրամով:

Այս ամենը դրական է ազդել սրահի ընդարձակության վրա: Այսպես, հետևի ուղևորների ոտքերի համար նախատեսված տարածությունը աճել է գրեթե 6 սանտիմետրով, իսկ գլախավերևի տարածությունը՝ 11 միլիմետրով: Բացի այդ, զգալիորեն մեծացել է ավտոմեքենայի բեռնախցիկի ծավալը, որն այժմ կազմում է 422 լիտր:

Հատկանշական է, որ նոր սերնդի Juke-ը նույնքան ճանաչելի է, որքան եղել է իր նախորդը: Ավտոմեքենան պահպանել է լուսարձակների յուրօրինակ կառուցվածքը, հետևի դռան «թաքնված» բռնակը, անվակամարների ընդգծված դիզայնն ու առանձնահատուկ գունայիին լուծումները, որոնք արդեն հասանելի են երկգույն համադրությամբ: Փոխարենը՝ սրահը աչքի է ընկնում պահպանողական մոտեցումներով: Մուլտիմեդիա համակարգի դիսփլեյն ունի «ընդամենը» 8 դյույմ անկյունագիծ, իսկ հիմնական ֆունկցիաների կառավարումը իրականացվում է անալոգային փոխարկիչներով:

Սրան զուգահեռ Նիսսանի մասնագետները խոստանում են ավելի որակյալ լրամշակում, անհատականացման ավելի լայն հնարավորություններ և առաջարկում են վայելել կոմբինացված կաշվով պաստառապատված և ավելի բարձր հարմարավետությամբ աչքի ընկնող առջևի նստատեղերը:

Չնայած ավտոմեքենան ներկայացվել է բազային տարբերակով, նույնիսկ դրա համար առաջարկվում է լրացուցիչ օպցիաների բավական գրավիչ ցանկ: Այսպես, Juke-ը կարելի է սարքավորել ադապտիվ քրուիզ-կոնտրոլով, շարժման շարքի պահպանման համակարգով, ավտոմատ արգելակման ֆունկցիայով, ճանապարհային նշանների, հետիոտների և հեծանվորդների ճանաչման համակարգով, ինչպես նաև կույր գոտիների ակտիվ վերահսկման ֆունկցիայով:

Ներկայացված քրոսովերը սարքավորված է 117 ձ.ուժ հզորությամբ եռագլան DIG-T տուրբոշարժիչով, որը համատեղ նախագծել են Renault-Nissan և Daimler կոնցերնների մասնագետները: Ուժային ագրեգատը կարելի է համակցել վեցաստիճան մեխանիկական կամ յոթաստիճան ռոբոտացված փոխանցումատուփերի հետ: Հատկանշական է, որ դեռևս խոսք չի գնում Nissan-ի ֆիրմային վարիատորի հասանելիության մասին: Սկզբնական շրջանում կվաճառվի քրոսովերի միայն առջևի քարշակմամբ տարբերակը, սակայն ավելի ուշ շուկա կհանվի ավելի հզոր շարժիչով սարքավորված լիաքարշ Nissan Juke-ը:

Ավտոմեքենայի եվրոպական վաճառքները կսկսվեն ընթացիկ տարվա նոյեմբերին: Հայաստանում մոդելի առկայության վերաբերյալ դեռևս տվյալներ չկան: Մակնիշի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Մուրան» ընկերությունը ներկայումս կենտրոնացած է B0 հենահարթակի վրա կառուցված Nissan Kicks քաղաքային քրոսովերի առաջխաղացման վրա, առաջարկելով դրա ձեռքբերման գրավիչ պայմաններ:

Դիտել բոլորը