Էլեկտրամոբիլները կգրավեն համաշխարհային շուկայի երկու երրորդը մինչև 2040 թվականը։
Էլեկտրական փոխադրամիջոցների շուկան հզոր թռիչք կկատարի հաջորդ 19 տարիների ընթացքում, կարծում են Bloomberg-ի փորձագետները։ Նրանց կանխատեսումներով, այդ տեսակի մեքենաները կշարունակեն ճնշել ՆԱՇ ավտոմեքենաներին և մինչև 2040 թվականը կգրավեն համաշխարհային շուկայի երկու երրորդը։ Թվային արտահայտմամբ «կանաչ»ավտոմեքենաների վաճառքները կաճեն ներկայիս տարեկան երեք միլիոնից, մինչև 66 միլիոն օրինակ, ինչին կնպաստեն ավելի ցածր գները և ենթակառուցվածքների զարգացումը։
Էլեկտրականացված ավտոմեքենաները արդեն իսկ նկատելի առաջխաղացում են գրանցում, իսկ ժամանակի հետ դրանց առավելությունը էլ ավելի շոշափելի կդառնա, համոզված են փորձագետները։ Ընդ որում, սկսած 2030 թվականից, հիբրիդային ավտոմեքենաների մասնաբաժինը ևս կսկի կրճատվել՝ իր տեղը զիջելով «մաքուր» էլեկտրական և վառելիքային մարտկոցներով աշխատող ավտոմեքենաներին։ Ինչպես կարելի էր գուշակել, էլեկտրամոբիլների վաճառքներով առաջատար կդառնա Չինաստանը, որին բաժին կընկնի իրացված ավտոմեքենաների մոտ մեկ երրորդը։ Դրան կհետևի Եվրոպան, որտեղ արդեն իսկ պատրաստվում են արմատական փոփոխությունների։ Մասնավորապես, սկսած 2035 թվականից Եվրամիության 27 երկիր կարգելի վառելիքային շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը, ներառյալ հիբրիդները։ Երրորդ խոշորագույն շուկան կլինի Հյուսիսային Ամերիկան։
Աճի հիմնական խթանների թվում հիմնական դեր ունեն հենց էլեկտրական ավտոմոբիլային տեխնոլոգիաները, մասնավորապես՝ ընթացքի պաշարի աճը, մարտկոցների արժեքի նվազումը, ինչպես նաև ենթակառուցվածքենրի զարգացումն ու պետական աջակցման տարատեսակ ծրագրերը։
Ժամանակակից էլեկտրամոբիլներում կիրառվող լիթիում-իոնային մարտկոցների արտադրության առաջատարությունը ևս պատկանում է Չինաստանին, և դրան հասնելը գրեթե անհնարին է։ Այդ երկրում տարեկան արտադրվում է ընդհանուր 479 գիգավատ-ժամ տարողունակությամբ մարտկոցներ, և արտադրական հրապարակների թիվը տարեց տարի միայն աճում է։ Համեմատության համար նշենք, որ Եվրոպայում ներկայումս այդ ցուցանիշը կազմում է միայն 39 գիգավատ-ժամ, և միայն 2025 թվականին, ըստ Եվրամիության ծրագրերի, կարող է հասնել 400 գիգավատ-ժամի։
Աճում է նաև թողարկվող մոդելների բազմազանությունը։ Այսօրվա դրությամբ ողջ աշխարհով մեկ վաճառվում է 500-ից ավել էլեկտրական և լիցքավորվող հիբրիդային մոդել։ Հատկանշական է, որ դրանց ընթացքի միջին պաշարը ներկայումս կազմում է մոտ 359 կիլոմետր, ինչը 166 կիլոմետրով ավելին է 2012 թվականի ցուցանիշից։