Fiat Chrysler և PSA կոնցերնները հայտարարել են միավորվելու մասին:
Իտալա-ամերիկյան Fiat Chrysler (FCA) կոնցերնը և ֆրասնիական ավտոմոբիլաշինական PSA խումբը հայտարարել են, որ ներդրողները հավանություն են տվել ընդհանուր 52 միլիարդ դոլար արժողությամբ միավորման գործարքին: Stellantis անվանումը ստացած նոր կոնցերնը կդառնա աշխարհում 4-րդ ավտոարտադրողն իր չափսերով: Ակնակլվում է, որ այն տարեկան կթողարկի մոտ 8 միլիոն ավտոմեքենա աշխարհի տարբեր երկներում, իսկ ընդհանուր հասույթը կգերազանցի 165 միլիարդ եվրոն:
Stellantis-ը կտնօրինի 14 ապրանքանշան, որոնց թվում են Fiat, Maserati, Jeep, Dodge, Ram, ինչպես նաև Peugeot, Citroen, Opel և DS մակնիշները: FCA-ն և PSA-ն հայտարարել են, որ գործարքը կփակվի հունվարի 16-ին: Stellantis-ի բաժնետոմսերի վաճառքը կսկսվի հունվարի 18-ին Միլանում և Փարիզում, իսկ հաջորդ օրը՝ նաև Նյու-Յորքում:
«Մենք պատրաստ ենք այս միավորմանը»,— ասել է PSA կոնցերնի գործադիր տնօրեն և Stellantis-ի ապագա գլխավոր տնօրեն Կարլոս Տավարեսը: Ավելի վաղ գործարքը արժանացել էր ԵՄ համապատասխան կառույցների հավանությանը: