Hyundai-ը ցուցադրել է ապագա էլեկտրամոբիլների հենահարթակը:
Hyundai Motor Group-ը ներկայացրել է ապագա մարտկոցային մոդելների համար նախատեսված նոր մոդուլային հենահարթակը, որը ստացել է Electric-Global Modular Platform, կամ՝ E-GMP անվանումը: Սկսած հաջորդ տարվանից այս ճարտարապետության հիման վրա կստեղծվեն մի շարք մոդելներ, որոնց թվում կլինեն սուբկոմպակտ, կոմպակտ և միջին չափսի մոդելներ, ներառյալ Hyundai Ioniq 5 քրոսովերն ու Kia ապրանքանշանի նոր էլեկտրամոբիլը:
Կոնցերնում E-GMP-ն համարում են գոյություն ունեցող առավել արտադրողական և արդյունավետ հենահարթակներից մեկը: Այն առանձնանում է փոխդասավորավծության մի քանի տարբերակներով: Որպես ստանդարտ տեղադրվում է մեկ էլեկտրական շարժիչ հետևի սռնիի վրա, իսկ լիաքարշ մոդիֆիկացիայի համար նախատեսված է նաև առջևի սռնիին միացվող երկրորդ ագրեգատի տեղադրում:
Հենահարթակի առանձնահատկությունների թվում են հետևի հինգլծականի կախոցը, որը սովորաբար կիրառվում է միջին և մեծ մեքենաների վրա, և առաջին անգամ աշխարհում սերիական եղանակով կիրառվող ինտեգրված քարշային սռնին, որն իրենից ներայացնում է անվային առանցքակալի և լիսեռի հետ միասնական հանգույց, որի միջոցով ոլորող մոմենտը հաղորդվում է անիվներին:
Մարտկոցների բլոկը տեղադրված է հատակի տակ՝ անվային բազայի հատվածում, և պաշտպանված է գերամուր պողպատից պատրաստված հատուկ կրող շրջանակով, իսկ շրջանակն իր հերթին պաշտպանված է լրացուցիչ կոշտություն ապահովող այլ տարրերով, որոնք արտադրված են տաք դրոշմոտամն եղանակով: Մարտկոցի ցածր դիրքի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել զանգվածի օպտիմալ բաշխումը, ինչը դրականորեն կազդի ապագա էլեկտրամոբիլի կայունության վրա, առավելևս շրջադարձերի հաղթահարման ժամանակ:
Ըստ կոնցերնի ներկայացուցիչների E-GMP հենահարթակի հիման վրա ստեղծված էլեկտրական մոդելների ընթացքի պաշարը կգերազանցի 500 կիլոմետրը ըստ WLTP ցիկլի չափանիշների: Արագ լիցքավորման մոդուլից լիցքավորելու դեպքում նման մեքենան էներգիայի մինչև 80 տոկոսը հնարավոր կլինի վերականգնել ընդամենը 18 րոպեում, իսկ 100 կիլոմետր լրացուցիչ պաշար ստանալու համար կհերիքի նույնիսկ 5 րոպեն:
Սա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ E-GMP հենահարթակի մարտկոցը աշխատելու է մինչև 800 վոլտ լարմամբ և հնարավոր կդարձնի մինչև 350 կՎտ հզորությամբ լիցքավորում: Բացի այդ, այստեղ կիրառվում է V2L (vehicle-to-load) տեխնոլոգիան, որը թույլ է տալիս առանց լրացուցիչ սարքավորւմների օգտագործել մեքենայի մարտկոցը մինչև 3,5 կՎտ հզորությամբ արտաքին սարքերի սնուցման համար: Օրինակ, 55 դյույմ անկյունագծով հեռուստացույցը կամ սովորական կենցաղային օդորակիչը մեքենայի մարտկոցից կարող են առանց դադարի աշխատել գրեթե 24 ժամ:
Hyundai Motor Group-ի ռազմավարությունը նախատեսում է էլեկտրական 3 մոդելների թողարկում, որոնցից 11-ը կլինեն լիովին նոր: Մինչև 2025 թվականը կոնցերնը մտադիր է աշխարհով մեկ վաճառել ավելի քան մեկ միլիոն էլեկտրական ավտոմեքենա: Մինչ այդ Hyundai-ը ստեղծել է Ioniq ենթաապրանքանիշը, որի ներքո մինչև 2024 թվականը կթողարկի 5,6 և 7 ինդեքսներով երեք էլեկտրական մոդել: Կոնցերնի մաս կազմող մյուս ընկերությունը՝ Kia-ն, իր հերթին նախատեսում է հինգ տարվա ընթացքում ընդհանուր վաճառքների մեջ էլեկտրամոբիլների տոկոսը հասցնել քսանի, իսկ մինչև 2027 թվականը թողարկել 7 նոր մարտկոցային մոդել: