Եվրոպան շրջանցում է Չինաստանին էլեկտրամոբիլների վաճառքներով:
Եվրոպայում էլեկտրամոբիլների վաճառքները գերազանցել են Չինաստանի նույն ցուցանիշները, այն բանից հետո, երբ առաջատար այնպիսի երկներ, ինչպիսին են Գերմանիան և Ֆրանսիան, սկսեցին կիրառել նոր սուբսիդավորման մեթոդներ՝ ուղղված կորոնավիրուսի համավարակի հետևանքով անկում ապրած պահանջարկի խթանմանը: Հուլիսին գրանցված աճի շնորհիվ, ամբողջությամբ էլեկտրական և լիցքավորվող հիբրիդային մոդելների վաճառքի ընդհանուր թիվը Եվրոպայում կազմել է շուրջ 500 000 ավտոմեքենա, ինչը մոտ 14 հազարով ավելին է, քան Չինաստանում:
Գերմանիայում հրապարակված անկախ հաշվետվության համաձայն, Եվրոպայում իրացվել է 269 000 ամբողջովին էլեկտրական, և 231 000 լիցքավորվող հիբրիդային ավտոմեքենա: Կառավարական լուրջ օժանդակությունը ոչ միայն օգնում է ավտոմոբիլային ոլորտի վերականգնմանը, այլև նպաստում է Եվրամիությունում կիրառվող բնապահպանական չափորոշիչների ապահովմանը:
Միևնույն ժամանակ, Չինաստանի կառավարությունը, տնտեսության վերականգնման ֆոնին, կրճատում է ավտոարտադրողներին ուղղված օժանդակման ծրագրերը՝ ստիպելով նրանց աշխատել անմիջական մրցակցության պայմաններում: Հրապարակված հաշվետվության համաձայն, ընթացիկ տարում Եվրոպան կարող է գերազանցել վաճառքների մեկ միլիոն ցուցանիշը, ինչին կնպաստեն նաև Tesla ավտոմեքենաների մատակարարման աճն ու նոր Volkswagen ID3 էլեկտրական հեչբեքի լայնածավալ նորամուտը: