Աշխարհահռչակ Scania-ն պաշտոնապես Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. Բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկի՝ Scania-ի պաշտոնական ներկայացուցչության բացումը կարևոր իրադարձություն է Հայաստանի տրանսպորտային շուկայի համար։
Հայաստանում Scania-ի պաշտոնական գործընկերն է «Ավտո Գելլերի» ՓԲԸ-ն։
Ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով՝ «Ավտո Գելլերին» հայաստանյան շուկա է բերում բիզնեսի նոր մոդել՝ կենտրոնանալով արդյունավետության, կանխատեսելի ինքնարժեքի, բարձրակարգ սպասարկման և հաճախորդների համար երկարաժամկետ խնայողությունների վրա։

Հայաստանում կներկայացվի Scania-ի մոդելային ամբողջական շարքը, երաշխիքային և տեխնիկական սպասարկումը, հատուկ ֆինանսական գործիքները, ինչպես նաև trade-in և buyback ծրագրերը։
Scania-ի հիմնական առավելությունների թվում են երկարակեցությունը, սպասարկման և շահագործման ծախսերի նվազեցումը, ժամանակակից տեխնոլոգիաները, հուսալիությունն ու վարորդի անվտանգությունն ու հարմարավետությունը։

Ներկայացուցչության բացման կապակցությամբ «Ավտո Գելլերի» ՓԲԸ-ն հայտարարել է հատուկ առաջարկների մասին։ Առաջիկա 45 օրվա ընթացքում Հայաստանում Scania-ի բոլոր վարորդները հրավիրվում են անվճար տեխնիկական զննման, իսկ նոր ավտոմեքենաների գնորդներին կառաջարկվի 3 տարի կամ 350 հազար կմ անվճար տեխնիկական սպասարկում։
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Scania-ի խորհրդի նախագահ Ստեֆան Դորսկին նշել է, որ Հայաստանը դարձել է Scania ընտանիքի լիարժեք մասը։ Դա ենթադրում է ոչ միայն բեռնատարների մատակարարում, այլև միջազգային չափանիշներին համապատասխանող պրեմիում դասի սպասարկում։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի խոսքով՝ Scania-ի մուտքը կարևոր է ոչ միայն տրանսպորտային ոլորտի, այլև Հայաստանի տնտեսական զարգացման, ներդրումային միջավայրի և միջազգային գործարար համագործակցության համար։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կարևորել է Scania-ի դերը երկրի տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ու առևտրի դիվերսիֆիկացման գործում։
Հայաստանում Շվեդիայի դեսպան Եվա Սունդկվիստն ընդգծել է, որ Scania-ն շվեդական արդյունաբերության խորհրդանիշերից է և աշխարհում ասոցացվում է նորարարությունների, հուսալիության, առաջատար տեխնոլոգիաների և սպասարկման բարձր մակարդակի հետ։

«Ավտո Գելլերի» ՓԲԸ-ի միջոցով Scania-ի պաշտոնական մուտքը հայ փոխադրողներին հնարավորություն է տալիս օգտվել համաշխարհային մակարդակի տեխնիկայից, պաշտոնական սպասարկումից, ֆինանսական գործիքներից և երկարաժամկետ մասնագիտական աջակցությունից։

«Ավտո Գելլերի» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է 2023 թվականին, Հայաստանում հանդիսանում է IM Motors, SAIC Maxus, CATL և Scania բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։