FIA-Ի ՕԺԱՆԴԱԿՄԱՄԲ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանիավտոմոբիլայինֆեդերացիան և «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչների ասոցիացիան» Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA)՝ 2023 թվականի սեպտեմբերից իրականացվողշարժունակությանը նպաստող գրանտային ծրագրի շրջանակներում իրականացրել են Գյումրի և Վանաձոր քաղաքների շուրջ 40 դպրոցի անվտանգության վարկանիշի գնահատում և ստացված արդյունքի հիման վրա ընտրել մեկական դպրոց յուրաքանչյուր համայնքում՝ հետագայում անվտանգային միջոցառումներ իրականացնելու նպատակով։
Դպրոցներին հարող տարածքները գնահատվել են iRAP ծրագրի Star Rating for School (Դպրոցների աստղային վարկանիշ) մեթոդաբանությամբ։ Արդյունքում, խորհրդակցելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ընտրվել են Գյումրի համայնքի թիվ 24 դպրոցն ու Վանաձոր համայնքի թիվ 10 դպորցը, որի շենքում այժմ գործում է «Էվրիկա» վարժարանը։
Գյումրու թիվ 24 դպրոցի հաշվարկված աստղային վարկանիշը, ըստ կատարված ուսումնասիրության, կազմել է 1,5, իսկ Վանաձորինը՝ 2,3 աստղ։ Ըստ այդմ էլ սահմանվել է այն միջամտությունների ցանկը, որոնք հետագայում նաև կյանքի են կոչվել յուրաքանչյուր կետում։
Այսպես, Գյումրիում տեղադրվել է կանչի ռեժիմով լուսացույց, որը թույլ է տալիս զգալիորեն իջեցնել վտանգի մակարդակը։ Բացի այդ, ճանապարհը կահավորվել է համապատասխան նշաններով, իսկ թույլատրված արագությունը տվյալ հատվածում սահմանվել է 30 կմ/ժ։ Այս ամենի արդյունքում տվյալ կետի աստղային վարկանիշը հասցվել է հնարավոր առավելագույնի՝ 5 աստղի։
Վանաձորի Աղայան փողոցի վրա գտնվող դպրոցին հարող տարածքում բարելավվել է գծանշումը, տեղադրվել են անհրաժեշտ նշանները, և, ինչպես և նախորդ դեպքում, սահմանվել է թույլատրված արագության նոր սահմանաչափ՝ 30 կմ/ժ, ինչի արդյունքում դպրոցի անվտանգության աստղային վարկանիշը հասցվել է 4,7-ի։
Ինչպես նշում են Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայում և «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայում», սա միայն առաջին քայլն է, որը պետք է ճանապարհ բացի դեպի Հայաստանի բոլոր դպրոցների աստղային վարկանիշի գնահատում և դրա հիման վրա՝ անվտանգության մակարդակի բարձրացում։