ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԿԱՅՈՒՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԿԱՅՈՒՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
15 ապրիլի, 2024 թ.

«Ավտոարտադրողների Պաշտոնական Ներկայացուցիչների Ասոցիացիա» ՀԿ-ն «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում՝ որպես «Կանաչ նախաձեռնությունների» ենթադրամաշնորհային ծրագրերի մաս, իրականացնում է «Վանաձոր և Գյումրի քաղաքների կայուն շարժունակության ինդեքս» նախագիծը: Ծրագրի մաս են կազմում տարատեսակ ճանաչողական միջացառումները համայնքի, մասնավորապես՝ երիտասարդության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հերթական նմանատիպ հանդիպումը կազմակերպվեց Վանաձորում սույն թվականի ապրիլի 12-ին։


Միջոցառմանը ակտիվորեն մասնակցեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողներ և դասախոսներ։ Քննարկմանը միացել էին նաև համայնքապետարանի ծրագրերի բաժնի ներկայացուցիչներ։ Հավաքվածները ծանոթացան շարժունակության ինդեքսի հաշվարկման կարևորությանը, դրա հիման վրա մարդկանց և բեռների տեղաշարժը առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություններին։


Ինչպես և մինչ այդ Գյումրիում կայացած նմանատիպ սեմինարի ժամանակ, փաստարկային եղանակով արձանագրվեցին Վանաձոր համայնքում շարժունակության առանձնահատկություններից որոշները, օրինակ՝ տրանսպորտային միջոցների ընդհանուր թվի կտրուկ աճը, երթևեկության՝ դրանից բխող ծանրաբեռնվածության ու ընդհանուր առմամբ խցանումների թվի աճը, քաղաքում երթևեկության մասնակիցների վարքագծային առանձնահատկությունները ու անվտանգային խնդիրները։ Բաժանվելով խմբերի՝ սեմինարի մասնակիցները բացահայտեցին նշված խնդիրների տեսանկյունից հիմնական թիրախային խմբերը, դրանց առջև կանգնած վտանգներն ու հնարավորությունները։ Առանձին ուշադրություն դարձվեց նաև պոտենցիալ միջամտությունների վրա։


Սեմինարի երկրորդ հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցնա նաև պրակտիկ կերպով մասնակցել «Դպրոցների Աստղային Վարկանիշ» ծրագրի մեթոդաբանությամբ մոտակա դպրոցի ճանապարհային ենթակառուցվածքի գնահատմանը։


«Նման ձևաչափով անցկացվող հանդիպումները անչափ կարևոր են շարժունակության խնդիրների շուրջ լայն հասարակական իրազեկվածություն ապահովելու տեսնակյունից», - շեշտում է Արտյոմ Պետրոսյանը։ «Այս առումով մենք առաջին հերթին կարևորում ենք սեմինարներին մասնակցող երիտասարդության ակտիվությունը, քանի որ մոտ ապագայում հենց նրանք պետք է գտնեն համայնքի առջև ծագող հիմնական խնդիրների լուծումներն ու ձեռնամուխ լինեն դրանց իրականացմանը։ Հաճելի է, որ տեղական ինքնակառավարման մարմինները ևս ներգրավված են այս ձևաչափով քննարկումների մեջ։»

Դիտել բոլորը