ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՄԻՆԱՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՄԻՆԱՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
08 ապրիլի, 2024 թ.

«Ավտոարտադրողների Պաշտոնական Ներկայացուցիչների Ասոցիացիա» ՀԿ-ն «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում՝ որպես «Կանաչ նախաձեռնությունների» ենթադրամաշնորհային ծրագրերի մաս, իրականացնում է «Վանաձոր և Գյումրի քաղաքների կայուն շարժունակության ինդեքս» նախագիծը: Դրա շրջանակներում նախատեսված է նաև անցկացնել տարատեսակ ճանաչողական միջացառումներ համայնքի ներկայացուցիչների, մասնավորապես՝ երիտասարդության մասնակցությամբ։ Այդ միջոցառումներից առաջինը կազմակերպվեց Գյումրիում։

2024 թվականի ապրիլի 6-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի շուրջ 20 ուսանողներ և դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ծանոթանալ իրականացվող ծրագրի մանարմասներին, դրա նպատակներին և հեռանկարներին։ Ծրագրի ղեկավար Արտյոմ Պետրոսյանը հավաքվածներին ներկայացրեց Mobility.am հարթակը, ինչպես նաև ժամանակակից շարժունակությանը առնչվող առավել ակտուալ տենդենցներն ու խնդիրները։

Հավաքվածները ռապիդ-ֆորսայթ մեթոդաբանությամբ վերհանեցին Գյումրի համայնքում շարժունակության առանձնահատկություններից որոշները, օրինակ՝ էլեկտրական տրանսպորտային միջոցների թվաքանակի աճն ու ենթակառուցվածքների բացակայությունը, միջհամայնքային հասարակական տրանսպորտի ոչ կանոնավոր աշխատանքը, քաղաքում երթևեկության կազմակերպմանը բնորոշ խնդիրները, դրա մասնակիցների վարքագծային առանձնահատկությունները։

Նշված խնդիրների շուրջ ծավալվեց քննարկում, որի արդյունքում խմբերի բաժանված մասնակիցները առաջ քաշեցին լուծումների առաջարկներ՝ համայնքի կարիքներին համահունչ։

Սեմինարի երկրորդ հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցնա նաև պրակտիկ կերպով մասնակցել «Դպրոցների Աստղային Վարկանիշ» ծրագրի մեթոդաբանությամբ մոտակա դպրոցի ճանապարհային ենթակառուցվածքի գնահատմանը։

«Նման ձևաչափով անցկացվող հանդիպումները անչափ կարևոր են շարժունակության խնդիրների շուրջ լայն հասարակական իրազեկվածություն ապահովելու տեսնակյունից», - շեշտում է Արտյոմ Պետրոսյանը։ «Դրանք թույլ են տալիս վերհանել համայնքի ակտիվ ներկայացուցիչների ընկալումները, համեմատել դրանք առկա իրողության և բոլորի համար ցանկալի ապագայի տեսլականի հետ, ինչպես նաև հիմք են ստեղծում հիշատկաված տեսլականը իրականություն դարձնելուն ուղղված գործողությունների համար։»
Հաջորդ նմանատիպ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վանաձորում։

Դիտել բոլորը